Հեքիաթ բախտը բերելու մասին։
Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին աճում` ջահե~լ, սիրո~ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում: Ամբողջ օրն էլ արմատներդ պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը հասցնես, կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը: Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո ինչ եղան, ոչ ոք չիմացավ: Այ, եթե քամին հարցնի առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը, նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին: Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:
Առաջադրանքներ
1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:
Բախտը բերելը, որ քո ցանկությունը կատարվում է ու hաջողություն է լինում։
2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:
Գյուղում՝ տատիկիս տանը ես մի շատ հավատարիմ շնիկ ունեմ։ Մի օր շնիկը դարպասից դուրս էր եկել և կորել էր։ Ես շատ էի տխրել։ Անցավ երեք օր, մի օր առավոտյան դարպասի հետևում լսեցինք շնիկի ձայնը։ Ես այնքան էի ուրախացել, որ ամբողջ մի օր գրկած ման եմ տվել շնիկին։