Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։


Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

1.Նշված  բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:

Խորհրդավոր-Գաղտնիքներ պարունակող

Բացատ-ազատ տեղ, դատարկ տեղ

Բուրմունք-հոտ, բույր

Զգեստ-հագուստ, շոր

Սոսափ-քամու մեղմ ձայնը

Պարծենալ-գոռոզանալ

Շքեղ-ճոխ

2.Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:

Գարնանը փշատերևը զարմանում էր, որովհետև բոլոր ծառերը պես-պես զգեստներ էին հագնում, իրենց բուրմունքով զարմացնում էին ուրիշներին և իրենց զարդարել էին ծաղկաթերթերով։

3.Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով։

4.Բնութագրի՛ր փշատերևին:

Փշատերևը փոքրիկ էր, կանաչ ու դալար կանգնած էր մնացել միայնակ։

5.Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:

Մյուս ծառերը տխրեցին երբ եկավ աշունը։ Նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին։

6.Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

Փշատերևը խնդրեց բվին, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։

7.Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

«Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

 

 

About Կատրինա Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով